«Մենք իսկապես ուզում ենք տիտղոսներ պարգևել երկրպագուներին ու դրանք միասին տոնել Սիբելեսում»:Անտոնիո Ադանը միացել է «Ռեալին» 10 տարեկան հասակում, իսկ 13 տարի անց նա իր նորամուտը նշեց հիմնական թիմում: Դարպասապահը RealmadridTV-ի Real հարցազրույց-շոուի հատուկ հյուրն էր:
Դու ընտրում ես Դենի Մարտինի «Mira la Vida» («Նայիր կյանքին») երգը...
Ճիշտ է: Դա շատ կարևոր նշանակություն ունի իմ համար ու ինչ որ չափով ես ինձ իմ կյանքը նմանեցնում եմ երգում նկարագրվողին: Այնտեղ խոսվում է կյանքի վերելքների ու վայրէջքների մասին: Դժվար պահեր հաղթահարելուց հետո ես հիմա նորից երջանիկ եմ:
Ինչպե՞ս ես անցկացնում սովորական կյանքդ, երբ հիմա ավելի շատ ուշադրություն պետքէ դարձնես քեզ ու ֆուտբոլին:
Ես երջանիկ եմ: Ես փորձում եմ վայելել ամեն մի պահը, իսկ հիմա իրականացնում եմ իմ երազանքներից մեկը: Ես ուզում եմ վայելել կյանքը ու օգնել իմ ընտանիքին ու ընկերներին, որ իրենք էլ վայելեն իրենցը: Ես ուզում եմ ապրել այս պահը առաջիկա մի քանի տարիների համար:
Առաջին թիմի հետ Չեմպիոնների լիգայում ու Լա Լիգայում նորամուտ ունենալը երազանք էր, որ իրականացավ, այդպես չէ՞:
Ճիշտ է. ես այս ակումբում շատ երկար ժամանակ եմ ու շատ եմ աշխատել: Այսքան երկար աշխատելուց ու չարչարվելուց հետո երազանքս իրականացնելուց հետո ես ցանկանում եմ վայելել «Ռեալ Մադրիդի» խաղացող լինելը:
Շատ երեխաներ ուզում եմ գոլեր խփել: Ինչպե՞ս հասկացար, որ պետք է դարպասապահ դառնաս:
Ես միշտ ուզել եմ լինել «խաղացող» ֆուտբոլիստ, բայց մի օր մարզիչը ինձ կանգնեցրեց դարպասում, ու ես շատ լավ խաղացի: Մի փոքր տխուր ես գնացի տուն ու պատմեցի դրա մասին հորս: Մյուս օրը հայրս խոսեց մարզչիս հետ ու ասաց, որ ինձ այլևս դարպասում չկանգնեցնի: Իսկ մարզիչը, ով բավականին հայտնի խաղացող էր եղել անցյալում, հորս ասեց, որ ես պետք է դարպասապահ դառնամ:
Դա հրաշալի է:
Այո, և բազում տարիներ անց մենք մարզչի հետ վերհիշում ենք այդ խիզախ խոսքերը ու ջերմ հիշողությունները:
Արի խոսենք «Ռեալից»: Դու «Ռեալ» եկել ես 10 տարեկանում: Ո՞րն է եղել քո առաջին օրը որպես «Ռեալի» խաղացող:
Ես շատ ոգևորված էի: Ընկերներիս հետ խաղալուց հետո ես գնացի աշխարհի մեծագույն ակումբում խաղալու: Այդ ամբողջ շաբաթը լի էր անակնկալներով: Ակումբից զանգահարեցին մեր տուն ու հայտնեցին, որ ես հաջողությամբ եմ անցել քննությունը: Ես հպարտություն եմ զգում, երբ հագնում եմ «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը: Ես գիտեի, որ ճակատագիրս հենց այս ակումբի մարզաշապիկը կրելն էր: Ակումբի հանդերձարանում լինելը ու ակումբի ենթակառուցվածքները օգտագործելը ամեն մի մանկան երազանքն է, ահա թե ինչ եմ ես զգում:
Դու շարունակեցիր լավ աշխատելը ու վերջապես նորամուտ ունեցար հիմնական թիմում...
Այո, բայց ես հետ եմ նայում դեպի այն դժվարին ժամանակները, որոնց միջով անցել եմ այստեղ հասնելու համար: Իմ կյանքը ունեցել է իր վերելքները ու վայրէջքները, բայց հիմա ամեն ինչ ինձ համար շատ լավ է ընթանում: Ես նորամուտ եմ ունեցել առաջին թիմում, ինչը իմ հեռանկարները ավելի է լավացնում: Դա ինձ ցույց է տալիս, որ այն դժվարությունները, որ ես հաղթահարել եմ այստեղ հասնելու ճանապարհին, միայն փոքրիկ խոչընդոտներ էին հաջողության ճանապարհին:
Ամեն օր մարզվում ես քո կուռքերից մեկի` Իկեր Կասիլյասի հետ: Շատ քիչ մարդիկ կարող են հպարտանալ դրանով:
Ճիշտ է, ու կարծում եմ, որ շատ խաղացողներ կերազեին լինել իմ տեղում: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Իկերի հետ, ով աշխարհի լավագույն դարպասապահն է, ինչպես նաև Դուդեկի հետ, ով նույնպես հիանալի խաղացող է ու էլ ավելի հիանալի մարդ: Ես նրանցից շատ բան եմ սովորում, իսկ նրանք շատ օգնող են, այնպես որ ես շատ երջանիկ եմ, որ նրանց հետ կիսում եմ հանդերձարանը:
Ո՞րն է Իկերի տված լավագույն խորհուրդը քեզ:
Նրա տված ամենալավ խորհուրդը այն է, որ քրտնաջան աշխատանքը միշտ էլ անհատույց չի մնում: Ես տեսնում եմ, թե որտեղ է նա հիմա անձնազոհ, ծանր աշխատանքից ու համեստություն ցուցաբերելուց հետո: Նա միշտ իմ ուժերի վրա վստահ է եղել ու առաջարկել է իր օգնությունը, ինչը ինձ շատ է հույս տալիս:
Ինչպե՞ս ես տեսնում քո ապագան «Ռեալում»:
Ես հույս ունեմ, որ այս ակումբում շատ երկար տարիներ կմնամ, քանի որ ես երջանիկ եմ այստեղ: Ես գիտեմ, որ Իկերը աշխարհի լավագույն դարպասապահն է, բայց ես ուզում եմ ապագայում լինել նրա տեղում:
Նա շատ բարձր ստանդարտներ է սահմանել, ու դու գիտես, որ այդտեղ հասնելու համար պետք է շատ-շատ աշխատես...
Ես գիտեմ, որ կա միայն մեկ Իկեր Կասիլյաս ու ևս մեկ Կասիլյաս ծնվելու համար շատ երկար տարիներ պետք է սպասենք: Իսպանիան ապագայում շատ լավ դարպասապահներ կունենա, բայց նրանցից ոչ մեկը Իկերի ունեցած հաջողությունները չի գրանցի:
Իկերը միակը չէ, որ շատ հաճոյախոսություններ է հղել քո հասցեին, բայց պետք է ուրախ լինես, որ նա նշել է, թե դարպասը քո հսկողության տակ անվտանգ է:
Անկասկած, դա շատ մեծ բան է նշանակում: Ես բավականին նոր խաղացող եմ ու ընդամենը 4 խաղ եմ անցկացրել հիմնական թիմում, այնպես որ նրա պես փորձառու խաղացողի ասած խոսքերը ինձ առիթ են տալիս հպարտանալ: Ես շատ ուրախ եմ, որ նրա հետ կիսում եմ մեկ հանդերձարան, բացի այդ ես շատ երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ նա արել է ինձ համար:
Բոլոր մադրիդիստների համար մոտենում է շատ կարևոր մի օր` ապրիլի 20-ը, երբ Copa del Rey-ի եզրափակչում կխաղաք «Բարսելոնայի» հետ:
Դա մեծագույն օր է լինելու: Մրցաշրջանի մեկնարկից առաջ մենք բոլորս իրոք ուզում էինք հասնել այստեղ ու շատ աշխատելուց հետո հասանք: Կամաց-կամաց մենք «Ռեալին» հետ ենք բերում այն գագաթին, որտեղ նա պետք է լինի: Մենք խաղալու ենք գավաթային եզրափակչում, բացի այդ էլ լավ արդյունքներ ունենք թե´ Չեմպիոնների լիգայում, թե´ լա լիգայում:
Ինչու՞ են բոլոր խաղացողները այդպիսի բարձր կարծիքի Մոուրինյոյի մասին:
Նա մեզ շատ է օգնել աճել որպես պրոֆեսիոնալներ, և դրա համար մենք նրան շատ ենք հարգում: Նա շատ է աշխատել ու շատ բանի է հասել, ինչը արդեն առիթ է նրան հարգելու համար: Նա մեզ բոլորիս վստահում է, և հետևաբար նա մեզ շատ է օգնել, որ աճենք որպես խաղացողներ: Նա բոլորիս ստիպել է մեզ կարևոր զգալ թիմում, ինչը շատ հիմնարար է «Ռեալի» պես թիմի համար:
Մոուրինյոն մեծ նշանակություն է տալիս Copa del Rey-ին, ինչպես նաև մեծ նշանակություն է տալիս Չեմպիոնների լիգային ու Լա լիգային:
Copa del Rey-ը նրա համար կարևոր է այնքան, որքան մեզ համար էլ է կարևոր: Մրցաշրջանից առաջ, երբ մենք խոսում էինք այս երեք մրցաշարերի մասին, մենք երեքին էլ նույն նշանակությունն էինք տալիս: Copa del Rey-ը շատ մեծ նշանակություն ունի և´ ակումբի, և´ երկրպագուների համար, հետևեբար դա այս մրցաշարը դարձնում է նույնքան կարևոր, որքան որ Լա լիգան ու ՉԼ-ն:
«Տոտենհեմի» հետ հանդիպելու եք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում: Դուք արդեն իրավունք չունեք սխալվել: Գրաներոն ասել է, որ թիմը հիմա իր պարտքն է համարում «Լիոնին» հաղթելուց հետո դուրս գալ եզրափակիչ:
Այո, ակումբը ու թիմը վերջին տարիներին կորցրել էր վստահությունը, քանի որ չէր կարողանում հաղթահարել 1/8-ը: Բայց այս տարի մենք հաղթահարեցինք այդ արգելքը ու հիմա վստահություն ենք զգում, որ կարող ենք հասնել եզրափակիչ ու հաղթել դրանում:
«Սանտիագո Բեռնաբեուն» մեծ դեր ունեցավ «Լիոնի» նկատմամբ տարած հաղթանակի մեջ, իսկ Մոուրինյոն խնդրեց ավելի ինտենսիվ աջակցել թիմին քառորդ եզրափակչում: «Սանտիագո Բեռնաբեուն» ձեզ համար որոշիչ նշանակություն ունի, այդպես չէ՞:
Մեզ համար շատ կարևոր է մեր երկրպագուների աջակցությունը: Այնքան մեծ նշանակություն, որքան որ ունի նախախաղային մոտիվացիան, ինքնամոտիվացիան, ու հենց մենք դաշտ ենք դուրս գալիս, երկրպագուները օգնում են մեզ: Մեր աշխատանքը թեթևանում է, երբ 90.000 երկրպագուներ առաջին րոպեներից աջակցում են մեզ: Նրանք մեզ անհրաժեշտ են դժվարին դիմակայություններում, ու մենք գիտենք, որ նրանք կգան մարզադաշտ:
Պատկերացնու՞մ ես, թե ինչպես ես տոնում տիտղոսը Սիբելեսում:
Այո, պատկերացնում եմ: Մենք շատ լավ շանսեր ունենք այս տարի տիտղոս նվաճելու համար, ու ամբողջ կազմը ուզում է նվաճել տիտղոսներ: Մենք իրոք ուզում ենք տիտղոսներ պարգևել մեր երկրպագուներին ու տոնել դրանք նրանց հետ միասին Սիբելեսում:
«Էսպանյոլի» հետ խաղից հետո Մոուրինյոն ասաց, որ դու խաղացիր վետերան դարպասապահի նման, իսկ Իկերը ասաց, որ դու ավելի քան պատրաստ ես առաջին թիմում խաղալուն: Շատ հատուկ խոսքեր են, որոնք նշանակում են, որ «Ռեալի» դարպասը ապագայում ապահով ձեռքերում է լինելու:
Շատ շնորհակալ եմ: