Ժոզե Մոուրինյոն հյուր էր VEO7-ի En Confianza հաղորդմանը: Նա քննարկել է «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպումները ու խոսել է թիմի մարզավիճակի մասին մրցաշրջանի վերջնամասից առաջ:«Շատ կարևոր է աշխատել մրցակցության հիմունքով: Դու պետք է քո խաղացողներին տրամադրես այնպես, որ նրանք ամեն մի խաղ ընդունեն որպես հասարակ խաղ անկախ մրցակցից ու մրցաշարից: Մեր նպատակն է շատ աշխատել լավ արդյունք ունենալու համար»:
«Խաղացողները իմ ընտանիքն են: Ինչի՞ պետք կլինի իմ աշխատանքը, եթե ես չկարողանամ նրանց պաշտպանել: Ես իմ խաղացողներին սովորեցնում եմ լինել խումբ ու աշխատել համախմբված, բացի այդ ուզում եմ, որ նրանք հասկանան, որ իրենց գլխավերևում կա մի առաջնորդ, որը պաշտպանում է նրանց ամեն պայմաններում: Ես ուզում եմ, որ նրանք հասկանան, որ ես այստեղ եմ նրանց պաշտպանելու համար ու ես նրանցից մեկն եմ»:
«Տարբերություն չկա, թե մենք առաջին կլասիկոն կխաղանք առաջնությունում, թե գավաթային եզրափակչում: Առաջին խաղում հաղթելը կամ պարտվելը չի ազդի երկրորդի արդյունքի վրա: Խաղացողները հատուկ կերպով են տրամադրվում կլասիկոներին ու դերբիներին, նույնիսկ երբ ոչ մի բան չի խաղարկվում»:
«Մենք շատ լավ աշխատանք ենք կատարում, քանի որ շատ դժվար է ապրիլ ամսին պայքարել դեռ երեք մրցաշարերում էլ: Մեզ համար ցավալի կլինի, եթե երեքում էլ պարտվենք, քանի որ մենք մինչև հիմա այնքան լավ ենք արել մեր գործը, բայց մանրուքները կարող են որոշիչ լինել վերջին մի քանի ամիսների ընթացքում»:
«Ես հավատում եմ մրցավարներին: Ես կասկածի տակ չեմ դնում նրանց ազնվությունը: Նրանք երբեմն սխալվում են, բայց չեմ կարծում, թե նրանք դիտավորություն են ցուցաբերում «Ռեալի» կազմ այլ թիմերի նկատմամբ: Ես երբեմն կարող եմ քննադատել նրանց, բայց ես այն եզակի մարզիչներից եմ, որոնք հրապարակայնորեն շնորհակալություն են հայտնում նրանց իրենց աշխատանքի համար»:
«Ես ուզում եմ «Ռեալի» հետ մնալ հնարավորինս շատ ժամանակ, քանի որ դա կնշանակի, որ ես լավ եմ աշխատում, ու մարդիկ ուրախ են իմ կատարած աշխատանքի համար: Ես նաև ուզում եմ մի օր վերադառնալ Անգլիա, իսկ կարիերաս ուզում եմ ավարտել Պորտուգալիայի հավաքականում»: