Ժոզե Մոուրինյոն շատ թեմաներ ուներ, որոնց մասին պետք է խոսեր «Սպորտինգի» դեմ խաղին նախորդած մամլո ասուլիսում: Մարզիչը խոսեց ամեն ինչ մասին սկսած Իգուաինի վերադարձից, Ռոնալդուի, Մարսելոյի ու Բենզեմայի բացակայություններից, Ադեբայորի գործադրած ջանքերից մինչև Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղը:«Շաբաթնօրյա խաղը «Սպորտինգի» դեմ ավելի կարևոր է, քան հաջորդ շաբաթվա խաղը «Տոտենհեմի» հետ, քանի որ վերջինիս հաղթողը կորոշվի երկու խաղում: ՉԼ-ում առաջին խաղում չհաղթելու դեպքում մենք դեռ շանս կունենանք երկրորդ խաղում հետ բերել կորցրածը: Բայց առաջիկա խաղը ավելի կարևոր չէ, քան գավաթային եզրափակիչը, որը մեկ խաղով է կայանալու ու չեմպիոնը կդառնա հաղթողը, իսկ պարտվողը կմնա ձեռնունայն»:
«Շատ ավելի դժվար կլինի, եթե մենք տանը միավոր կորցնենք: Լա Լիգան կորած կլինի, եթե մենք վաղը միավորներ կորցնենք: Իսկ երեքշաբթի պարտվելու դեպքում մենք դեռ հնարավորություն կունենանք հաղթել մյուս շաբաթ: Ես չեմ կարող հանգիստ տալ կամ նստեցնել պահեստայինների նստարանին Օզիլի, Դի Մարիայի ու Կառվալյույի պես խաղացողների: Ես չեմ կարող ավելի շատ փոփոխություններ կատարել»:
«Նույնիսկ լավագույն մասնագետները չէին կանխատեսում, որ Իգուաինը այսքան արագ կվերականգնվի: Մենք ուրախ ենք նրա համար: Նրա վերականգնումը կարևոր ու հաճելի անակնկալ էր մեզ համար: Նրա վերականգնումը շատ լավ կազմակերպված պրոցես էր: Նա այնքան շատ աշխատեց, որքան որ աշխատեցին բժիշկները, ֆիզեոթերապևտները ու նրա վերականգնումով զբաղվողները: Սա մեծ անակնկալ է, քանի որ մենք դեռ ունենք 15 խաղ անցկացնելու, իսկ նա շատ կարևոր խաղացող է թիմի համար: Իսկ ինչ վերաբերվում է Ռոնալդուին, Մարսելոյին ու Բենզեմային, ապա նրանք կկարողանան խաղալ միայն «Ատլետիկի» դեմ խաղում, ինչպես հաղորդում են բուժ-անձնակազմից»:
«Ադեբայորը ամեն օր շատ քրտնաջան աշխատում էր, որ իր մարզչի համար հասանելի լինի, ինչը հիմա էլ է շարունակում: Երբ նա նստած էր պահեստայինների նստարանին կամ խաղում էր մեկնարկային րոպեներից, շատ լավ էր աշխատում, ու մենք գոհ ենք նրա պահվածքից»:
«Մենք, անկասկած, հիմա Եվրոպայի ամենաերիտասարդ թիմերից ենք, ու մեզ սպասվում է պայծառ ապագա: Ես ունեմ 4ամյա պայմանագիր, ու եթե ես, խաղացողները, ղեկավարները ու երկրպագուները գոհ են, ապա ես պատճառ չունեմ հեռանալու համար: Ես երբեք խնդիրներ չեմ ստեղծել, բայց ես շատ վճռական եմ»: