Ահա և անցան այս մի քանի շաբաթները և նորից եվրոպական խաղադաշտեր է վերադառնում "Չեմպիոնների լիգան”: Լիգայի խաղարկությունում մնացել են ութ լավագույն թիմեր, և մեր առաջին զույգը Մադրիդի "Ռեալն” ու Լոնդոնի "Տոտենհեմն” են:Մադրիդի "Ռեալը” վերջապես հայտնվել է "Չեմպիոնների լիգայի” ¼-րդ եզրափակչում: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած "Ռեալը” համարվում է ամենաուժեղը վերջին տարիների ընթացքում: "Ռեալի” ցուցադրած փայլուն խաղը շատ մասնագետների ստիպում է "Լիգայի” գավաթը տեսնել հենց Մադրիդում: Վերջիվերջո, այն հանգամանքը, որ "Ռեալը” սկսել է հաղթել "Լիոնին”, արդեն իսկ շատ բան է ասում: Կարող եք ասել, որ սա լուրջ չէ, ինչպես կուզեք, սակայն ֆրանսիական ակումբը "Արքայական” ակումբի ամենաանհարմար մրցակիցն էր Եվրոպայում վերջին տարիների ընթացքում: Սա "Ռեալի” համար այն բացառիկ մրցաշրջանն է, երբ պաշտպանությունում ամեն ինչ կարգին է, և մադրիդյան ակումբի պաշտպանները շատ լավ տպավորություն են թողնում:
Այս զույգում հենց "Ռեալն” է համարվում հաղթողի գլխավոր հավակնորդը, սակայն ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան թվում է շատերին: "Ռեալին” և "Տոտենհեմին” ծանրագույն երկու հանդիպումներ են սպասվում, որտեղ խաղացողներից ֆիզիկական բարձր պատրաստվածություն և արագություն է հարկավոր ողջ 90 րոպեների ընթացքում:
Լոնդոնի "Տոտենհեմին” վիճակահանության արդյունքում շատ բարդ մրցակից բաժին հասավ: Սակայն ինչպես ցույց է տվել այս մրցաշրջամը, "Շպորները” առավել հաջող են հանդես գալիս մեծ ակումբների, քան միջին կարգի ակումբների դեմ: Վառ ապացույց է միլանյան գրանդների նկատմամբ տոնած փայլուն հաղթանակները: "Տոտենհեմը” շատերի կարծիքով համարվում է այս զույգի ակնհայտ ետնապահ, սակայն հավաստիացնում եմ, դա այդպես չէ: Այո' "Ռեալը” շատ ուժեղ է, այո' Մոուրինյոն մեկ անգամ չէ, որ հաղթել է "Տոտենհեմին”, այո' "Ռեալը” մնում է "Ռեալ”, բայց "Խթանների” կազմում կան մի շարք բարձրակարգ, չեմ վախենա ասել, ֆուտբոլային գերաստղեր: Եթե բոլորը առանձնացնում են Գարեթ Բեյլին և Ռաֆայել վան Դեր Վարտին, ապա իմ կարծիքով "Տոտենհեմի” հաջող խաղը մեծապես կապված է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ցուցադրած խաղից: Լուկա Մոդրիչը իր փայլուն խաղով գրավել է շատերի ուշադրությունը, և իզուր չէ, որ Ալեքս Ֆերգյուսոնը պատրաստ է միլլիոնավոր դոլլարներ ծախսել այս խաղացողի վրա, սակայն, ինչպես երևում է, Մոդրիչը "Տոտենհեմում” է երկար ժամանակով: Լոնդոնյան ակումբը աչքի է ընկնում ֆանտաստիկ արագությամբ և տեղաշարժերով, հակագրոհների վրա այս թիմը ցանկացած մրցակցի կարող է լուրջ խնդիրներ առաջարկել:
Այս զույգի հաղթողի հավանականությունը կգնահատեմ այսպես` 60 տոկոսը 40-ի դիմաց, առավելությունը տալով Մոուրինյոյի տղաներին:
Մադրիդի "Ռեալը” 2003 թվականից հետո առաջին անգամ հայտնվել է ¼-րդ եզրափակիչում, և Մոուրինյոյի թիմերի տնային հանդիպումների ֆանտաստիկ արդյուքը Եվրագավաթներում պետք է որ նշանակություն ունենա այս դիմակայությունում:
"Տոտենհեմը” վերջին անգամ խաղացել է այս խաղարկությունում հեռավոր 1961-1962թվականներին: Այն ժամանակ լոնդոնցիները հասան մինչև կիսաեզրափակիչ:
Այս թիմերը նախկինում հանդիպել են ընդամենը մեկ անգամ: Դա հեռավոր 1984-1985թվականներին էր` ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության ¼-րդ եզրափակչում, երբ "Ռեալը” հաղթեց 1:0 հաշվով: Դա "Տոտենհեմի” առաջին պարտությունն էր ՈւԵՖԱ-ի խաղարկություններում սեփական հարկի տակ: Նախկին 42 հանդիպումներից 35-ում "Շպորները” հաղթել էին, և ևս 7 անգամ խաղացել ոչ ոքի: Պատասխան հանդիպումը ավարտվեց 0:0 հաշվով: Ահա այն կազմերը, որոնք մասնակցեցին այդ հանդիպմանը`
Ռեալ-Միգել Անխել, Չենդո, Սալգուերո, Սանչիս, Կամաչո, Միչել, Գալեխո, Անխել, Պինեդա, Բուտրագենյո, Վալդանո
Տոտենհեմ-Կլեմենս, Տոմաս, Ռոբերտս, Միլլեր, Հյուտոն, Հազարդ, Պերրիման, Հոդլ, Հելվին, Ֆալկո, Կրուկս
Մոուրինյոյի "Չելսին” 8 հանդիպումներում "Տոտենհեմի” դեմ տարել է 5 հաղթանակ, 2 խաղ ավարտվել է ոչ ոքի, 1 անգամ "Չելսին” պարտվել է:
Էմանուել Ադեբայորը "Արսենալի” կազմում "Տոտենհեմի” դարպասն է ուղարկել 8 գնդակ` 9 հանդիպումներում: 2007 թվականի դեկտեմբերից Ադեբայորի թիմերը` "Արսենալը” և "Սիթին” չեն հաղթել "Տոտենհեմին”:
Կրիստիանո Ռոնալդուն "Մանչեսթեր Յունայթեդի” կազմում երբևէ չի պարտվել "Տոտենհեմին”: 14 խաղում Ռոնալդուն խփել է 6 գնդակ:
Ռաֆայել վան Դեր Վարտը "Ռեալում” է խաղացել 2008-2009, 2009-2010թվականներին, և "Պրիմերայում” խփել է 11 գնդակ: